Այսօր հայկական ժողովրդական երաժշտությունը յուրահատուկ և ինքնատիպ լուծումներով մատուցում են քույրեր Ինգան և Անուշը` մեր իրականության մեջ աննախադեպ դուետով:
Նրանց ձայնային տվյալները, երաժշտական ճաշակը, էթնիկ երաժշտության նուրբ զգացողությունը ունկնդրին փոխանցում են հայկական ժողովրդական երաժշտության, ազգային մոտիվների և հայկական ոգու լիարժեք տպավորությունները:
Ինգան և Անուշը իրենց ստեղծագործական գործունեությամբ և հաջողություններով ապացուցում են, որ ժողովրդական երգի արմատները այնքան մաքուր, հզոր և հարազատ են, որ ժամանակը դրանք չի խամրեցնում, այլ միայն զարդարում է:
Դուետի երգացանկը ընտրում և մշակում են քույրերը:
Հարկ է նշել, որ նրանք վերականգնում են նաև վերացող ժողովրդական երգերը` դրանով մեծ նպաստ բերելով հայկական ժողովրդական երգի պահպանությանը:
Նրանց նորաոճ մշակումները հայկական ժողովրդական մեղեդիները հասանելի են դարձնում բոլոր ազգերի ժողովուրդների համար, քանի որ երաժշտության ակունքը պահում են անխաթար:
Ինգայի և Անուշի հուզող և ոգեշնչող արվեստն ապացույցն է հայի տաղանդի, ինչպես նաև համաշխարհային երաժշտության մեջ հայ ժողովրդի ունեցած ավանդի:
Դուետ Ինգա և Անուշ
Ինգան և Անուշը երգում և ստեղծագործում են մանկուց, իսկ պրոֆեսիոնալ բեմում միասին են 2000 թվականից:
Նրանք միասին հանդես են եկել Երգի պետական թատրոնի կազմում:
2003 թվականից գործում են ինքնուրույն:
Համերգներով հանդես են եկել և' Հայաստանում, և' արտերկրում:
Հյուրախաղերով եղել են ԱՄՆ-ում, Թեհրանում, Լոնդոնում, Փարիզում, Ռուսաստանում,Գերմանիայում:
2008 թվականից Ինգան և Անուշը համագործակցում են "Շարմ Հոլդինգի" հետ:
2009 թվականի փետրվարի 14-ին կայացած Եվրատեսիլի հայաստանյան նախընտրական փուլի արդյունքներով Ինգան և Անուշը ներկայացրեցին Հայաստանը մայիսի 12-ին Մոսկվայում կայացած "Եվրատեսիլ" երգի մրցույթում ու եզրափակեցին լավագույն տասնյակը:



